Մ.թ.ա. II հազ. վերջ – I հազ. I կեսի իրի կրկնօրինակ
Իրի անունը՝ երկսայր թուր
Նյութը՝ բրոնզ
Պատրաստման եղանակը՝ ձուլում
Չափսերը՝
Թրի ընդհանուր երկարությունը՝ 58 սմ,
Շեղբի երկարությունը՝ 41.4 սմ,
Շեղբի լայնությունը՝ 0.1-3 սմ,
Խաչարդի (գոտեկապի) բարձրությունը՝ 4.1 սմ,
Խաչարդի լայնությունը՝ 3.7-4.1 սմ,
Դաստակի երկարությունը՝ 7.5 սմ,
Դաստակի լայնությունը ՝ 1.2-2 սմ,
Դաստակի հաստությունը՝ 1.4- 1.6 սմ,
Գլխիկի ընդհանուր բարձրությունը՝ 5 սմ,
Գլխիկի լայնքը՝ 6.4 սմ:
Կշիռը՝ 630 գրամ
Հայկական լեռնաշխարհում թրերը ի հայտ են եկել մ.թ.ա. III հազ. վերջից` միջին բրոնզե դարում:
Այն, որ թրերը ի հայտ են եկել ավելի ուշ, քան դաշույնները, առիթ է տալիս ենթադրելու, որ դրանք
զարգացել են դաշույններից՝ միայն թե դառնալով ավելի երկար: Այս է վկայում նաև թրի անունը սեպագիր
արձանագրություններում. օրինակ, խեթական սեպագիր տեքստերում թուրը կոչված է GIR.GAL, որն ունի
«մեծ դաշույն», «թուր» նշանակությունը:
Հայաստանի բրոնզե թրերը բաժանվում են չորս տեսակի (ըստ Ս. Եսայանի)՝ 1. Եղջյուրավոր (եղանաձև)
դաստակով թրեր, 2. ամբողջապես ձուլված շրջանակավոր դաստակով թրեր (առաջավորասիական տեսակ), 3.
ամբողջապես ձուլված, կտրվածքում շրջանաձև դաստակով թրեր:
Առանձին խումբ է կազմում զենքի հատուկ տեսակը՝ սուսերները, որոնց զուգահեռները հայտնի են
Կրետե-Միկենյան աշխարհից:
Տվյալ բնօրինակի հայտնաբերման վայրը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի ենթաշրջան:
Տեսակը, ըստ Ս.Ա. Եսայանի դասակարգման, թրերի I խումբ` եղջյուրաձև (եղանաձև) դաստակով թրեր:
Եթե առաջնորդվենք Ա.Ս. Փիլիպոսյանի առաջարկած խմբավորմամբ, ապա մեր օրինակը կարելի է ընդգրկել
թրերի ու դաշույնների երրորդ ենթախմբի տասներեքերորդ տարբերակում` «թամբաձև գլխիկով» թրերի ու
դաշույնների շարքում:
Տվյալ սուրը երկսայրի է, ունի մեկ միջնաջիղ: Օգտագործվել է հաճախ, քանի որ սայրի վրա կան
հարվածների բազմաթիվ հետքեր: Այն նեղ է, բարակ, նուրբ և ամուր: Ունի գեղեցիկ խաչարդ (գոտեկապ), որը
ըստ էության երկրաչափական տարբեր ձևերից կազմված մի հորինվածք է: Ուղղանկյունաձև խաչարդի ներքևի
մասը լատիներեն «M» տառի տեսք ունի:
Կենտրոնում գագաթներով վեր ու վար նայող երկու կից հավասարասրուն
եռանկյունիներ են տեղադրված, իսկ եզրերին` աջից ու ձախից, երկու այլ սնամեջ եռանկյունիներ են փորված:
Բուն դաստակը կտրվածքում ուղղանկյունաձև է և , ի տարբերություն խաչարդի, հարդարված է ուղղանկյունաձև
փորվածքներով. մի կողմում ` միջնամասում, արված է երկար ու խորունկ մեկ փորվածք, մյուս երեսին ` երեք `
մեծ, միջին ու փոքրիկ, վերջինը խորանարդաձև է:
Ենթադրվում է, որ այս փորվածքները օգտագործվել են փայտից ու ոսկրից մասեր ամրացնելու համար:
Դաստակը վերևում ավարտվում է երկու ցցուն,
ուղղանկյունանիստի բոլոր կողերով անցնող, լարաձև
գոտիներով:
Գլխիկը թամբաձև է, հոծ: Այն ձուլվել է առանձին: «Թամբն» ունի կիսաձվածիր, սնամեջ, խոշոր
«ականջիկներ» (4 սմ x 4.5 սմ) և հարդարուն միջնամաս:
Այս տեսակի դաշույնների առանձնահատկությունն այն է, որ գլխիկը ամրացված է կոթին
«ականջիկներով» նայող դեպի սայրի լայնակի կողմերը և ոչ թե դեպի կտրող կողմը, ինչպես սպասելի էր:
Հետևաբար և հարթության վրա այն դրվել է ոչ թե լայն, այլ կտրող կողմով: Սա ավելի ապահով դիրք է, որը
զերծ է պահում իրը կոտրվելուց:
Եղանաձև խաչարդով թրերը Հայաստանում ի հայտ են եկել մ.թ.ա. XIV դարից, հնագույնները հայտնի
են Լճաշենի դամբարաններից: Դրանց երկաթասայր օրինակները հարատևում են մինչև VII դ. մ.թ.ա.:
Տվյալ թուրը, սակայն, օժտված է յուրատեսակ «թամբաձև» գլխիկով: Նման գլխիկով օժտված թրերն ու
դաշույնները հայտնի են համայն Մերձավոր արևելքում: Դրանց պատկերները կան նաև ասորական
բարձրաքանդակներին: Այս տեսակի դաշույններ գտնվել են Հայաստանի տարբեր հուշարձաններում, փակ
համալիրներում, և դրանցից վաղագույնները թվագրվում են մ.թ.ա XII-X դարերով: Թամբաձև գլխիկով թրեր
հայտնի են Լուրիստանից ու Հյուսիսարևմտյան Իրանից:
Մեզ, սակայն, հայտնի չէ «թամբաձև» ավարտով թուր Հայաստանից, և տվյալ օրինակը, այս առումով, բացառիկ
է: Այն բնութագրել ենք որպես թուր, նկատի ունենալով սայրի երկարությունը, որն ավելի քան 40 սմ է:
Ելնելով այն տեսակետից, որ թրերը դաշույնների վերափոխված ձևերն են` այս թուրն էլ հակված ենք
թվագրել նման տեսակի դաշույններից ավելի ուշ՝ մ.թ.ա. X-IX դդ., նկատի ունենալով` նաև այն, որ հայտնի են
«թամբաձև» գլխիկով, սակայն երկաթե սայրով դաշույններ, որոնց թվագրության կողմնորոշող սահմանը մ.թ.ա.
VIII-VII դարերն են:
Ժամանակակից Հայաստանի տարածքը մ.թ.ա. X-VII դդ. ընդգրկված էր Էթիունի անվանված համադաշնության
կազմում: Վարդենիսի տարածաշրջանը այն ժամանակ ցեղապետություն էր՝ Արքուքինի անվամբ:
Հայաստանի համար յուրահատուկ նման թուրը կարող էր պատկանել Արքուքինիի առաջնորներից մեկին, այսինքն`
հեծյալին:
Մ.թ.ա. VIII դարից սկսած Էթիունիի զինվորները անցան ծառայության ուրարտական բանակում ու
միասնաբար սկսեցին պայքարել ասորեստանցիների, կիմերների, սկյութների և ավելի ուշ նաև բաբելացիների ու
մարերի դեմ:
Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ս. Գ. Հմայակյան
Բոլոր իրերն էլ ձեռքի գործ են: Ձուլումից հետո պատճենը վարպետները լրիվ համապատասխանեցնում են բնօրինակին: Մենք ձգտել ենք, որ բանիմացներին հասու լինի ոչ միայն բնօրինակի վրա եղած յուրաքանչյուր քերծվածք ու ոլորք, այլև այն, խորհրդավոր ու վիպական դարաշրջանի շունչը:
Փայտից պատրաստված յուրահատուկ տուփը, որն ունի իր առանձին ապրանքանիշը նույնպես վերամշակվում է ձեռքի աշխատանքով և ծառայում է որպես վստահելի պահարան այս գործերի համար:
“Torgom-S” ընկերության յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր նույնականացման համարը, որը դրոշմված է տիպարի դաստակին և պարտադիր նշված է նաև վկայագրում: Անհատական նույնականացման համարի տառերն ու թվերը տեղեկություն են պարունակում արտադրող ֆիրմայի մասին, նշում են այն, թե տիպարի բնօրինակը թուր է, թե դաշույն, նշում է նաև համապատասխան մոդելային շարքում իրի ունեցած կարգահամարը: Համարը նշանակվում է նաև իր տեղը ընկերության կատալոգում. օրինակ, “TD 006-112” համարը կարելի է վերծանել այսպես՝ T- “Torgom-S”, D – դաշույն, 006 – վեցերորդը դաշույնների շարքում. 112 –ը, իր նմանակների շարքում տվյալ տիպարի անհատական կարգահամարն է:
Իրի տեսակից կախված յուրաքանչյուր պատճենի առավելագուն քանակը կարող է տատանվել 200-2000 միջև, հանգամանք, որը ի սկզբանե նշվում է վկայագրում: Վերջին նմուշը պատրաստելուց հետո կաղապարները ոչնչացվում են: “Tօrgom-S”-ը երաշխավորում է տվյալ տիպարի նշված քանակի անգերազանցելիությունը:
Պատվերը Դուք կարող եք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, մեր ղեկավարները մոտ ժամանակներս կկապվի Ձեզ, որպեսզի հստակեցնենք առաքման և վճարման. Նաեւ ապրանքը հասանելի է ինքնին արտահանման կետերում տրամադրման, ք.Երևան:
“Torgom-S”, Երևան, Հայաստան
Հեռ: +374 93 41 41 40
Էլ. հասցե: torgom.am@gmail.com
Torgom 2017. ©
