Close

Դաշույն TD002:

Մ.թ.ա. VIII-VII դարերի իրի կրկնօրինակն է:

Իրի անունը՝ դաշույն:
Նյութը՝ բրոնզ:
Պատրաստման եղանակը՝ ձուլում:
Չափերը՝
դաշույնի ընդհանուր երկարությունը՝ 41 սմ,
շեղբի երկարությունը՝ 25 սմ,
շեղբի լայնությունը՝ 2,5- 6 սմ,
շեղբի հաստությունը՝ 0.5 սմ,
խաչարդի բարձրությունը՝ 1.4- 2,3 սմ,
խաչարդի լայնությունը՝ 6.5 սմ,
դաստակի երկարությունը՝ 9.5 սմ,
դաստակի տրամագիծը՝ 3-3.4 սմ,
արձանաձևի բարձրությունը՝ 3.6 սմ,
արձանաձևի ընդհանուր լայնությունը՝ 11.3 սմ,
կշիռը ՝ 1200 գր:
Տեսակը՝ Երրորդ:

Դաշույնը ոչ մեծ, բայց արդյունավետ զենք է, որն ի սկզբանե օգտագործել են խաշնարած-անասնապահները: Սկսած մ.թ.ա. IV հազ. վերջից, երբ Հայկական լեռնաշխարհում գերիշխում էր Կուր-արաքսյան մշակույթը, ժամանակակից Հայաստանի տարածքում կիրառելի էին մկնդեղային բրոնզից պատրաստված պոչուկավոր դաշույնները: Ավելի ուշ, ի հայտ են գալիս անագային բրոնզից պատրաստված դաշույնները:

Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում կիրառելի էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում, մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները յոթ տեսակի են և ունեն շատ ենթաձևեր:

TD002 դաշույնը կարելի է դասել ամբողջությամբ ձուլվածների, այսինքն՝ “Լճաշենյան” խողովակակոթառ դաշույնների տեսակին (տեսակ № 3): Իր ձևով ու հարդարանքով, սակայն, այն կտրուկ տարբերվում է Հայաստանի այդ տեսակի դաշույնների սովորական ձևերից: Հիմնական տարբերությունը դաստակի ձևավորումն է, որը ձուլված է “կենդանական ոճի” ավանդույթներով և հիշեցնում է Լուրիստանի և Ուրարտուի համապատասխան իրերը:

Շեղբի վրա երևում են հարվածների հետքերը, քանի որ այս զենքի բնօրինակը օգտագործվել է մարտերի ժամանակ: Դաշույնն ունի հստակ արտահայտվող կենտրոնական միջնաջիղ: Դաշույնի շեղբը երկարավուն է, ունի ձգված եռանկյան ձև:

“Խաչարդը” փոքր է և ունի կողերով իրար հարող երկու եռանկյունիների տեսք: Դաշույնի բռնակը ավարտվում է երկու համաչափ տեղադրված գիշատիչների տեսքով, որոնց գլուխները ուղղված են իրար հակառակ ուղղություններով: Արտահայտիչ են վիզը, ծնոտը, մռութն ու ռունգը, կենդանիների ուռուցիկ աչքերը և ականջները: Դաստակի վրա երկու կողմից տեղադրված են կենդանիների, թերևս մողեսների, դեպի իրար շարժվող ռելիեֆ պատկերներ: Հստակ արտահայտված են կենդանիների գլուխներն ու պոչերը: Շեղբի կողմից կարծես “սողում է” քառոտանի մի կենդանի, իսկ գլխիկի կողմից՝ վեցոտանի: Դաստակի հակառակ կողմից նույնպես պատկերված են նման կենդանիներ, սակայն, այս դեպքում, վեցոտանի կենդանին “մոտենում է” շեղբի կողմից:

Մողեսների հնագույն, հարթության վրա արված պատկերները Հայկական լեռնաշխարհում հայտնի են Գյոբեկլի-թեփեի (Պորտասար) պատկերաքանդանկներից: Ուղղահայաց քարարձանը, որի վրա պատկերված է այս կենդանին, վերաբերում է Նոր քարի դարին:

Հայաստանի համար այս յուրահատուկ իրի թվագրությունը մ.թ.ա. VIII-VII դդ., պայմանավորված է համաչափ տեղադրված արձանաձևերի առկայությամբ, որոնք հայտնի են հին Շիրակավանի և Լոռի բերդի դամբարանների պեղումներից, Արևմտյան Հայաստանի ուրարտական հուշարձաններից հայտանաբերված նյութերից, որոնք, սակայն, ունեցել են այլ կիրառություն:

Ժամանակակից Հայաստանի տարածքը Վաղ երկաթի դարում և ուրարատական ժամանկաշրջանում կոչվում էր Էթիունի: Էթիունիի զինվորները, դուրս գալով ռազմի դաշտ, կարող էին կրել բացի դաշույնից նաև նիզակ, սակր, նետ ու աղեղ:

Այս զենքով էթիունցիները մ.թ.ա. VIII-VII դդ. կռվում էին կիմերների, սկյութների և մարերի դեմ:

Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր՝ Ս. Գ. Հմայակյան

ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ



Բոլոր իրերն էլ ձեռքի գործ են: Ձուլումից հետո պատճենը վարպետները լրիվ համապատասխանեցնում են բնօրինակին: Մենք ձգտել ենք, որ բանիմացներին հասու լինի ոչ միայն բնօրինակի վրա եղած յուրաքանչյուր քերծվածք ու ոլորք, այլև այն, խորհրդավոր ու վիպական դարաշրջանի շունչը:

Փայտից պատրաստված յուրահատուկ տուփը, որն ունի իր առանձին ապրանքանիշը նույնպես վերամշակվում է ձեռքի աշխատանքով և ծառայում է որպես վստահելի պահարան այս գործերի համար:

limited edition

“Torgom-S” ընկերության յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր նույնականացման համարը, որը դրոշմված է տիպարի դաստակին և պարտադիր նշված է նաև վկայագրում: Անհատական նույնականացման համարի տառերն ու թվերը տեղեկություն են պարունակում արտադրող ֆիրմայի մասին, նշում են այն, թե տիպարի բնօրինակը թուր է, թե դաշույն, նշում է նաև համապատասխան մոդելային շարքում իրի ունեցած կարգահամարը: Համարը նշանակվում է նաև իր տեղը ընկերության կատալոգում. օրինակ, “TD 006-112” համարը կարելի է վերծանել այսպես՝ T- “Torgom-S”, D – դաշույն, 006 – վեցերորդը դաշույնների շարքում. 112 –ը, իր նմանակների շարքում տվյալ տիպարի անհատական կարգահամարն է:

Իրի տեսակից կախված յուրաքանչյուր պատճենի առավելագուն քանակը կարող է տատանվել 200-2000 միջև, հանգամանք, որը ի սկզբանե նշվում է վկայագրում: Վերջին նմուշը պատրաստելուց հետո կաղապարները ոչնչացվում են: “Tօrgom-S”-ը երաշխավորում է տվյալ տիպարի նշված քանակի անգերազանցելիությունը:

Պատվեր և առաքում

Պատվերը Դուք կարող եք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, մեր ղեկավարները մոտ ժամանակներս կկապվի Ձեզ, որպեսզի հստակեցնենք առաքման և վճարման. Նաեւ ապրանքը հասանելի է ինքնին արտահանման կետերում տրամադրման, ք.Երևան:

Պատվիրել