Close

Դաշույն TD005:

Մ.թ.ա. XIV-XI դդ. իրի կրկնօրինակն է:

Իրի անունը՝ դաշույն:
Նյութը՝ բրոնզ:
Պատրաստման եղանակը՝ ձուլում, ագուցում:
Չափսերը՝
դաշույնի ընդհանուր երկարությունը՝ 23.8 սմ,
շեղբի երկարությունը՝ 13.3 սմ,
շեղբի հիմքի լայնությունը՝ 4 սմ,
խաչարդի բարձրությունը՝ 1 սմ,
խաչարդի լայնությունը՝ 4.4 սմ,
դաստակի երկարությունը՝ 6.7 սմ,
դաստակի տրամագիծը՝ 1.4- 1.8 սմ,
գլխիկի բարձրությունը՝ 1.8 սմ,
գլխիկի տրամագիծը՝ 3.1 սմ:
կշիռը՝ 160 գր:
Տեսակը՝ երրորդ,
ենթատեսակը՝ բաղադրյալ դաշույն:

Դաշույնը ոչ մեծ, բայց արդյունավետ զենք է, որն ի սկզբանե օգտագործել են խաշնարած-անասնապահները: Սկսած մ.թ.ա. IV հազ. վերջից, երբ Հայկական լեռնաշխարհում գերիշխում էր Կուր-արաքսյան մշակույթը, ժամանակակից Հայաստանի տարածքում կիրառելի էին մկնդեղային բրոնզից պատրաստված պոչուկավոր դաշույնները: Ավելի ուշ ի հայտ են գալիս անագային բրոնզից պատրաստված դաշույնները:

Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում կիրառելի էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում, մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները յոթ տեսակի են և ունեն շատ ենթաձևեր:

TD005 դաշույնը պատկանում է երրորդ տեսակին: Այս տեսակի բրոնզե դաշույնները, որոնք ունեն գլանաձև և փորվածքներով հարդարված դաստակ, Հայաստանում հայտնվում են ուշ բրոնզի դարում (մ.թ.ա. XIV-XIII դդ.) և շարունակում են գոյատևել վաղ երկաթի դարի սկզբում, մինչև մ.թ.ա XII-XI դդ.:

Այս տեսակի դաշույնների առաջին օրինակները գտնվել են Սևանա լճի ավազանում, Լճաշենում: Դրանք բաժանվում են մի քանի տարբերակների: Տվյալ դաշույնը պատկանում է բաղադրյալ դաշույնների տեսակին: Այն բաղկացած է առանձին ձուլված դաստակից և լայն, երկարավուն սեպաձև շեղբից, որն ունի երեք միջնաջիղ կենտրոնում: Շեղբն ավարտվում է փորվածքներով, հարդարված խաչարդով, որից շարունակվում է սնամեջ դաստակը. այն ավարտվում է կիսագնդաձև գլխիկով: Խաչարդի երկու կողմերում փորագրված են յոթական հավասարասրուն եռանկյունիներ, որոնցից չորսը տեղադրված են հիմքով դեպի շեղբը, իսկ երեքը՝ հիմքով դեպի դաստակը:

Շեղբի կողմից դաստակի վրա փորագրված են ութ սուրանկյուն եռանկյունիներ, որոնցից չորսը հիմքով ուղղված են դեպի շեղբը, իսկ մնացած չորսը՝ դեպի գլխիկը: Նույն կերպ են տեղադրված մյուս ութ եռանկյունիները դաստակի այն մասում, որ միանում է գլխիկին: Դաստակի կենտրոնական մասում փորված են ութ երկարավուն երկրաչափական պատկերներ: Փորվածքները, հավանաբար, ագուցվել են գունավոր փայտե ներդիրներով, իսկ սնամեջ դաստակը լցվել է բիտումով:

Գլխիկը հարդարված է մեծ խաչով, որի չորս մասերում կան երեքական, մեկը մեկի մեջ փորագրված եռանկյունիներ: Այդ եռանկյունիների գագաթները ուղղված են դեպի խաչը: Դա հաճախ է հանդիպում այս տեսակի դաշույնների հարդարանքում: Հավանաբար այն մշակույթում, որտեղ ստեղծվել է այս դաշույնը, գոյություն է ունեցել խաչի պաշտամունք:

Այս դարաշրջանում դաշույնը հավանաբար մատնանշում էր այն կրողի սոցիալական դիրքը հասարակությունում և կազմում էր ավանդական հանդերձանքի մասը:

Այս տեսակի դաշույնները պատրաստվում էին Հայաստանի տարածքում և ժամանակ առ ժամանակ արտահանվում էին Հյուսիսային Կովկաս և հյուսիս-արևելյան Իրան:

Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր՝ Ս. Գ. Հմայակյան

ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ



Բոլոր իրերն էլ ձեռքի գործ են: Ձուլումից հետո պատճենը վարպետները լրիվ համապատասխանեցնում են բնօրինակին: Մենք ձգտել ենք, որ բանիմացներին հասու լինի ոչ միայն բնօրինակի վրա եղած յուրաքանչյուր քերծվածք ու ոլորք, այլև այն, խորհրդավոր ու վիպական դարաշրջանի շունչը:

Փայտից պատրաստված յուրահատուկ տուփը, որն ունի իր առանձին ապրանքանիշը նույնպես վերամշակվում է ձեռքի աշխատանքով և ծառայում է որպես վստահելի պահարան այս գործերի համար:

limited edition

“Torgom-S” ընկերության յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր նույնականացման համարը, որը դրոշմված է տիպարի դաստակին և պարտադիր նշված է նաև վկայագրում: Անհատական նույնականացման համարի տառերն ու թվերը տեղեկություն են պարունակում արտադրող ֆիրմայի մասին, նշում են այն, թե տիպարի բնօրինակը թուր է, թե դաշույն, նշում է նաև համապատասխան մոդելային շարքում իրի ունեցած կարգահամարը: Համարը նշանակվում է նաև իր տեղը ընկերության կատալոգում. օրինակ, “TD 006-112” համարը կարելի է վերծանել այսպես՝ T- “Torgom-S”, D – դաշույն, 006 – վեցերորդը դաշույնների շարքում. 112 –ը, իր նմանակների շարքում տվյալ տիպարի անհատական կարգահամարն է:

Իրի տեսակից կախված յուրաքանչյուր պատճենի առավելագուն քանակը կարող է տատանվել 200-2000 միջև, հանգամանք, որը ի սկզբանե նշվում է վկայագրում: Վերջին նմուշը պատրաստելուց հետո կաղապարները ոչնչացվում են: “Tօrgom-S”-ը երաշխավորում է տվյալ տիպարի նշված քանակի անգերազանցելիությունը:

Պատվեր և առաքում

Պատվերը Դուք կարող եք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, մեր ղեկավարները մոտ ժամանակներս կկապվի Ձեզ, որպեսզի հստակեցնենք առաքման և վճարման. Նաեւ ապրանքը հասանելի է ինքնին արտահանման կետերում տրամադրման, ք.Երևան:

Պատվիրել